Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ժառանգության» ներկայությունը խորհրդարանում ճիշտ է»

«Ժառանգության» ներկայությունը խորհրդարանում ճիշտ է»
25.09.2009 | 00:00

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցով փակվե՞ց մարտի 1-ի էջը:
-Որքան ինձ հուշում է տրամաբանությունը` որևէ գործընթաց համարվում է ավարտված, եթե բացահայտվել են դրա հիմքում առկա խնդիրները: Պարզվե՞լ են զոհվածների մահվան հանգամանքները, բացահայտվե՞լ են կազմակերպիչները, պարզաբանվե՞լ են` այդ ամենն ինչո՞ւ տեղի ունեցավ, ովքե՞ր են հրամաններ տվել: Քաղաքական գնահատականը վերահաստատումն է այն հայտարարության, որ կոալիցիոն իշխանություններն արեցին մարտի 1-ի գիշերը` հատուկ նիստի ժամանակ: Իրավական առումով հանձնաժողովը չէր կարող որևէ խնդիր լուծել, որովհետև չուներ պատվիրակված լիազորություններ, օրենսդրորեն այնպիսի փոփոխություն չեղավ, որ մարտի 1-ի հանձնաժողովը հետաքննություն անելու իրավունք ունենա: «Ժառանգությունը» դա առաջարկել էր: Քաղաքական առումով չէր կարող, որովհետև բացառապես կազմված էր կոալիցիոն գործընկերներից:
-Բացառո՞ւմ եք, որ կոալիցիոն գործընկերները կարող էին օբյեկտիվ գնահատական տալ:
-Բացառում եմ, որովհետև քաղաքական մարմնի հանձնաժողով էր, իսկ քաղաքական մարմինը պետք է անպայման պաշտպաներ իր քաղաքական թևը. հանձնաժողովը չէր կարող ասել` կոալիցիան սխալ էր, իշխանությունները սխալ էին իրենց որոշումների մեջ, չէ՞ որ հենց իրենք էին այդ իշխանությունները: Այս ամենը հաշվի առնելով` կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք դրել էր հասարակությունը հանձնաժողովի առջև, չեն լուծվել: Պարոն Նիկոյանն ասաց, որ սրանով մարտի 1-ի էջը կարող են փակված համարել այն մարդիկ, ովքեր ուզում են առաջ շարժվել, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են մարտի 1-ը կրկնվի, փակված չեն համարում: Այս վերջաբանը նույն քաղաքական կողմնապահության շրջանակում էր: Մարտի 1-ի էջը չի կարող փակվել` մինչև վերջին զոհի սպանության հանգամանքը չբացահայտվի, գրեթե 200 վիրավորների վիրավորվելու հանգամանքները չբացահայտվեն, քաղաքական ճշմարիտ գնահատականը չտրվի: Հենց այդ պատճառով «Ժառանգությունը» պատրաստել է որոշման նախագիծ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Մենք վերահաստատում ենք, որ մարտի 1-ի խնդիրը մնում է: Զեկույցի ոճը` «Մենք ճիշտ ենք, մենք կարող ենք ամեն ինչ անել, ով մեզ նման չի մտածում, նա պետության ու հասարակության դեմ է», անընդունելի է: Մարտի մեկերի բացառումն ընկած է, առաջին հերթին, մարտի 1-ի իրական բացահայտման և իրական բարեփոխումների մեջ: Կոալիցիոն մեծամասնությունը «Մենք շատ ենք, մենք ճիշտ ենք» բոլշևիկյան ոգով է առաջ գնում` չընդունելով ընդդիմության ոչ մի առաջարկ, որը կարող է բովանդակային փոփոխության հանգեցնել:
-Պարոն Նիկոյանը մեղադրում էր «Ժառանգությանը», որ չմասնակցեց հանձնաժողովի աշխատանքներին:
-Պարոն Նիկոյանը նույնիսկ ասում էր, որ մենք համանախագահ կլինեինք, որոշ ժամանակ հետո գուցե ասի` ամբողջ հանձնաժողովը իրենց կտրամադրեինք... Խնդիրը ոչ թե նախագահ-համանախագահ, տեղակալության մեջ է, այլ իրական աշխատանքի հնարավորություն ունենալու: Մենք այդ որոշման նախագծով չունեինք ռեալ աշխատանքի հնարավորություն, ուստի առաջարկեցինք, որ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների թիվը հավասար լինի, որպես այլընտրանքային տարբերակ նվազագույնը կոնսենսուսի գաղափարը լինի։ «Ժառանգության» որևէ առաջարկ չընդունվեց:
-Այս գումարման խորհրդարանում նույնիսկ եթե ընդդիմությունն ասի` «մածունը սպիտակ է», մեծամասնությունը սևի օգտին կքվեարկի: Չե՞ք կարծում, որ այդ պարագայում խորհրդարանում ընդդիմության ներկայությունը ձևական է, ընդամենը հաստատելու համար, որ ՀՀ ԱԺ-ն բազմակուսակցական ներկայացուցչական մարմին է, որտեղ ներկայացված են հասարակության բոլոր խավերի շահերի արտահայտիչները, մինչդեռ հասարակության մի ստվար զանգվածի շահերի արտահայտություն որևէ կերպ հնարավոր չէ պաշտպանել, որովհետև... մածունը սև է:
-Համաձայն եմ, որ այս ընթացքում ընդդիմության «մածունը սպիտակ է» գաղափարը որևէ կերպ չի ընդունվել: Բայց ժողովուրդն է մեզ ընտրել, և մենք պարտավոր ենք այդ քվեների համար աշխատել: Իհարկե, որոշակի առումով դա կարող է և հիասթափություն ծնել, բայց մենք ունենք միայն մեկ այլընտրանք` հեղափոխությունը: Եթե ընդդիմությունը չի մասնակցում քաղաքական մարմնի աշխատանքներին և բոյկոտում է դրանք, ուրեմն, ինչ-որ այլ ճանապարհ պետք է լինի։ Միակ ճանապարհը մնում են զինված գործընթացները:
-Մարտի 1-ի պե՞ս:
-Մարտի 1-ը զինված գործընթաց չէր, որևէ մեկը չկարողացավ ապացուցել, որ ընդդիմությունը զինված է եղել: Մարտի 1-ը խաղաղ քաղաքացիների ըմբոստություն էր, որոնք չէին ընդունում այն, ինչ տեղի էր ունենում, և որն իշխող վերնախավը հակաօրինական միջոցներով ճնշեց: Իսկ իմ ասածն այլ է` երբ ընդդիմադիր հատվածն էլ համապատասխան ձևով է ներկայանում, ինչպես և իշխանությունը: Սա լավագույն ուղին չէ և կարող է հանգեցնել պարբերական հեղաշրջումների ու պետականության ոչնչացման: Ինձ համար ընդունելի տարբերակն է` աշխատել խորհրդարանում ու թեկուզ փոքր քայլ անել պետության ժողովրդավարացման համար, իսկ մենք քիչ աշխատանք չենք կատարել և եթե որոշակի դեպքերում կարողանում ենք ժողովրդի շահերը պաշտպանել, ուրեմն, այդ գործունեությունն արդարացված է: «Ժառանգությունը» հասարակությանը ցույց է տալիս, որ ծայրահեղությունների մեջ չէ լուծումը, այլ ճշմարտության, որը գտնվում է կենտրոնում և կարող է բարեփոխումների հիմք հանդիսանալ: Ես կարծում եմ, որ «Ժառանգության» ներկայությունը խորհրդարանում ճիշտ է: Այսօր, երբ խորհրդարանում այսքան քիչ է ընդդիմադիրների թիվը, իշխանության մեղքը չէ միայն: Խորհրդարանական ընտրություններն անցել են կեղծիքներով, բայց ընդդիմությունն էլ իր մեղքն ունի, որ չլսեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները: Նա փորձում էր ընդդիմադիր հատվածին որոշակի միասնության շրջանակի մեջ բերել ու համատեղ պայքարել: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն ընդունելու դեպքում այսօր խորհրդարանում ընդդիմությունը 30 տոկոս ձայն կունենար: 2007-ին ընդդիմությունը գրեթե 25 տոկոս ձայն կորցրեց, և դա գումարվեց իշխանության քվեներին, որովհետև ընտրական օրենսգիրքն է այդպիսին` ով ինչքան շատ ձայն է ստացել, չանցածների ձայնը գումարվում է նրան:
-Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված արձանագրությունները հրապարակվեցին, կուսակցություններն իրենց կարծիքները ներկայացրին, հասարակությունը մնաց պասիվ: Կարծում եք` ՀՅԴ-ի նստացույցը, հացադուլն այն քայլերն են, որ կոչված են արթնացնելո՞ւ, ակտիվացնելո՞ւ հասարակությանը:
-Ինչով են պայմանավորված ՀՅԴ-ի քայլերը, ճիշտ կլինի` իրենք մեկնաբանեն: Թերահավատ եմ, որ այդ քայլերով կարող են ակտիվացնել հասարակությանը, որովհետև կարծում եմ` հասարակությունն առաջին հերթին միասնական քայլեր է ցանկանում տեսնել: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության վերաբերյալ, ուժի մեջ է: Եթե հասարակությունը նմանատիպ քայլեր տեսնի, առավել կակտիվանա, այդ գործընթացներն առավել ընկալելի կլինեն հասարակության համար: Հասարակության պասիվությունը խորքային չէ, հասարակությունը սպասում է ինչ-ինչ ազդակների, որ ակտիվանա:
-Քաղաքական պայքարի ծայրահեղ դրսևորումներ են հացադուլն ու նստացույցը, և եթե ՀՅԴ-ն դիմում է նման դրսևորումների, ուրեմն, մյուս ձևերը սպառված է համարում։ Իրո՞ք այդքան վատ է վիճակը:
-Հասարակությունը որոշակիություն է ուզում, կոնկրետ գործողություններ: Ինչ վերաբերում է հուսահատ քայլերին, հասարակությունն այդ քայլերն էլ արդեն բազմիցս տեսել է` նստացույց էլ, հացադուլ էլ. դա չի ապահովում հասարակության զգոնության շեմը: Հասարակությունը, ուշ թե շուտ, հասկանալու է, թե ինչ գործընթացներ են լինելու այս ամենից հետո: Քաղաքական ուժերը միասնական չեն, հասարակությունն էլ կրավորական դիրքորոշում ունի:
-Չե՞ք կարծում, որ նախքան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելը պետք էր կարգավորել հայ-հայկական հարաբերությունները:
-Մարտի 1-ն այն հանգուցային կետերից է, երբ իշխանությունն այնքան թուլացավ ու կորցրեց հասարակության մեջ իր լեգիտիմությունը, որ փորձեց առաջին հերթին իր լեգիտիմությունը Հայաստանից դուրս գտնել և, լինելով թույլ, չկարողացավ պաշտպանել մեր պետական շահերը: Պետականամետ «ոչ» ասելու կարողություն իշխանությունը չունի: Հայ-հայկական խնդիրն իսկապես կա, և եթե կարողանայինք, նախ, հայաստանյան խնդիրները լուծել, բնականաբար, ավելի ուժեղ կլինեինք և առանց նախապայմանների կարող էինք հարաբերություններ հաստատել, որովհետև միջազգային ճնշումը կար և կա հավասարաչափ: Ամբողջ խնդիրն այն է` ներսում ով ինչքան ամուր է: Թուրքական իշխանությունը բավականին վստահություն ունի հասարակության մեջ, լեգիտիմության խնդիր չկա, բնականաբար, իրենք կարողացան պաշտպանել թուրքական շահը: Վերջին քննարկումները Թուրքիայում ցույց են տալիս, որ իրենք հայ-թուրքական խնդիրների հետ որևէ հարց չունեն, և իրենց քննարկումների մեխը Ղարաբաղի խնդիրն է, որովհետև և՛ Կարսի պայմանագրի խնդիրն են լուծել, և՛ ցեղասպանության, որի մասին պետք է խոսեն պատմաբանները։ Մենք այդ հարցը պետք է քննարկեինք ոչ միայն Հայաստանի Հանրապետության շրջանակներում, այլև պիտի հաշվի առնեինք նաև սփյուռքի մեր եղբայրների կարծիքը: ՀՀ անկախության հռչակման օրից սփյուռքը միշտ մեզ հետ է եղել և փորձել է կիսել մեր դժվարությունները, ուստի այդպես վարվել սփյուռքի մեր եղբայրների հետ, արդարացի չէ: Մենք մի ազգ ենք, ունենք մեկ հայրենիք, ուստի բոլորս պիտի պատասխանատու լինենք այդ հայրենիքի հանդեպ: Մենք այն լծակները, որ ունեինք ու կարող էինք օգտագործել հայանպաստ արձանագրություններ կազմելու համար, չօգտագործեցինք:
-Գուցե այդ կարծիքն ակնհայտ էր, և հետաքրքրվելն իմաստ չունե՞ր:
-Ակնհայտն ակնհայտ է, բայց ցանկացած պարագայում պարտավոր էինք հարցնել, որովհետև Լեռնային Ղարաբաղի պայքարի ժամանակ սփյուռքը չհարցրեց` մեր կարծիքը որն է, եկան ու օգնեցին, որովհետև համարեցին, որ մեկ հայրենիք է ու մեկ ազգ:
-Հոկտեմբերի 13-ին նախատեսվում է արձանագրությունների ստորագրումը...
-...Կարսի պայմանագրի ստորագրման օրը:
-Գուցե ամեն հանրապետություն պիտի իր Կարսն ունենա: Արձանագրությունների ստորագրումից և խորհրդարաններին ներկայացնելուց հետո ի՞նչ ընթացք եք սպասում: ԱԺ պահվածքը կանխատեսելի է, իսկ թուրքական խորհրդարանի՞նը:
-Թուրքական խորհրդարանը շատ հանգիստ վավերացնելու է, որովհետև իրենք իրենց խնդիրներն արդեն լուծել են: Ասացվածք կա` «Թուրք զինվորը կպարտվի, բայց թուրք դիվանագետը չի պարտվի»: 1991-92-ին մենք ցույց տվեցինք, որ թուրքական այդ ասացվածքը հայերի համար չէ, այդ ժամանակ էլ նախապայմանները կային։ Իսկ Ղարաբաղի հետ կապված` իրենք շատ լավ տեսնում են ի՛նչ է տեղի ունենում։ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները, որ Ստալինի ժամանակ վարչական շրջաններ գծելու արդյունքում մտան Ադրբեջանի կազմի մեջ, հենց այդ ժամանակ հայերով էին բնակեցված ու հայկական շրջաններ էին, ըստ մադրիդյան սկզբունքների` պետք է հանձնվեն Ադրբեջանին` չգիտենք ինչի դիմաց: Անորոշ ինչ-որ հանրաքվեի, որը տեղի կունենա, եթե Ադրբեջանը պատրաստ լինի, իսկ եթե պատրաստ չլինի՞։ Ազատագրված շրջանների հանձնման փաստը հրապարակվել է, և որևէ մեկն այդ իրողությունը չի հերքել։ Դա թույլ է տալիս ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվում է հօգուտ Ադրբեջանի: Արդյո՞ք կկարողանանք դրանից հետո ԼՂՀ-ն պահել անկախ, արդյո՞ք այնտեղի բնակչությունը կարող է անվտանգ ապրել: 1920-ական թթ. միջազգային երաշխիքներ չկայի՞ն, 80-ականներին երաշխիքներ չկայի՞ն` ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։ Շահումյանն ու Գետաշենն ընկան, հայաթափվեց հայկական Գանձակը։ ԽՍՀՄ-ը մի քիչ ուշ փլուզվեր, ամբողջ Ղարաբաղն էինք կորցնելու: Պաշտպանական համակարգերից լավ անվտանգության երաշխիքներ չկան: Այնպես որ, թուրքական խորհրդարանը կվավերացնի: Իհարկե, հնարավոր է, որ թուրքական դիվանագիտությունն այստեղ ևս երևա, որովհետև իրենք կարողանում են պետական շահի գիտակցումով առաջ շարժվել: Գուցե շատ լավ թատերական ներկայացում կազմակերպվի, որ երևա` ընդդիմություն կա, ընդդիմությունը չի ուզում, բայց Թուրքիան առաջադեմ երկիր է, եվրոպական կառույցների առաջ պարտավորություններ ունի, բայց կեցցե քաղաքակիրթ Թուրքիան, ինչպես երիտթուրքերն էին, նրանք էլ շատ քաղաքակիրթ էին, եվրոպաներում ուսանած...
-Հետո՞...
-«Հետոն» կերևա զարգացումներից հետո:
-Այո, բայց քաղաքականությունը պիտի նաև կանխատեսումներով զբաղվի և սխալ զարգացումները կանխի:
-Ես գերադասում եմ ոչ թե կանխատեսումները, այլ ռեալ գործերը։ Մեր երկրի ներսում արտաքին աշխարհի հետ կապված գործընթացներն այնքան շատ են, գործոնները` այնքան բազմաթիվ, որ չեմ կարող կանխագուշակել, թե տվյալ պահին դրանցից ո՛րը կարող է գերակշռող դառնալ: Այդ թնջուկը շատ նման է գորդյան հանգույցի:
-Ո՞վ է մեր ժամանակի Ալեքսանդր Մակեդոնացին:
-Հասարակությունն ինքը կասի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ